Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Իրանի պատվիրակությանը: Հյուրերը Հռոմ էին եկել՝ մասնակցելու Պապական խորհրդի և Թեհրանի Մշակույթի իսլամական կապերի կազմակերպության (ICRO) կազմակերպած միջկրոնական երկխոսությանը: Երկխոսության մասնակիցներից մեկի՝ շեյխ Մորթեզ Ջավադի խոսքով՝ իսլամն այսօր ունի «մշակութային թուլության» խնդիրներ: Վատիկանի L'Osservatore Romano-ն մեջբերում է շեյխի խոսքերը. «Տարբեր հանգամանքների պատճառով մենք չենք կարողանում ճիշտ փոխանցել մեր արժեքները, որ կարող են օգտակար լինել ոչ միայն մուսուլմաններին, այլև բոլոր մարդկանց»: Իրանը՝ շիական միստիկայի օրորոցը, ձգտում է առանցքային դեր խաղալ Մերձավոր Արևելքի զարգացման բարդ սցենարում:
Այսօր առավել, քան երբևէ, իսլամական աշխարհը պարտավոր է հստակ ու միանշանակ ձայնը բարձրացնել բռնության դեմ: Ջավադին նշում է, որ իր էությամբ իսլամը գթասիրտ է, բայց դա պետք է մշակութային մակարդակով տեղ հասցնել, որ դժվար էր անցյալում, քանի որ «իսլամական հեղափոխությունից հետո մեր երկրում մենք բախվում էինք ամբողջ շարք խնդիրների հետ, սակայն մեր հոգևոր դպրոցներում դա փորձում ենք մշտապես անել»:
ICRO-ի նախագահ Աբուզար Իբրահիմիի խոսքով՝ այսօր Իրանի ու Վատիկանի հարաբերություններում գիտելիքի վրա հիմնված վստահություն կա: Ընդհանուր ցանկություն է արագ վերջ դնել ահաբեկչությանը Մերձավոր Արևելքում ու նրա հիմնական ներկայացուցիչներին՝ Իսլամական պետությանը: Այդ առումով իրանական միստիկան, մշակված հանրահայտ մտածողների կողմից, ինչպես XIII դարի պարսիկ բանաստեղծ Ջալալադին Ռումին, կարող է դառնալ ճանապարհ, որ տանում է դեպի «ամբողջ մարդկության համար խաղաղությամբ ու բարությամբ լի աշխարհ»: Այդ պատճառով կարևոր է երկխոսության կառուցման շինարարությունն առանձնացնել «քաղաքական հետևանքներով» կրոնական ավանդույթների մակարդակով երկխոսությունից, թեպետ նրանք կարևոր են ժամանակակից հասարակության մեջ խաղաղության համար: Կրոնական առաջնորդները կարող են առաջարկել «մերձենալու և ներդաշնակության ճանապարհը», որ արդիական է Մերձավոր Արևելքում փոթորկվող կոնֆլիկտների պատճառով, հատկապես Սիրիայում: Սուրբ Աթոռը և Իրանը համամիտ են միմյանց տեսակետներին այդ պատերազմի նկատմամբ, որը շարունակվում է «արտաքին գործոնների ուժեղ ազդեցությամբ»՝ կարծում է Իբրահիմին:
Մերձավոր Արևելքը մի տարածք է, որտեղ աշխարհագրությունը սերտ շաղկապված է կրոնի հետ: Շատ փորձագետներ, խոսելով տարածաշրջանի իրավիճակի մասին, համոզված են, որ այսօր պրոբլեմը սուննիների ու շիաների դիմակայությունն է: Այդ ենթատեքստում էկումենիկ երկխոսությունը իսլամի երկու ճյուղերի միջև կարող է առանցքային նշանակություն ունենալ: Սուննիներն ու շիաները պետք է կառուցեն իրենց հաշտության մոդելը, որը ստացվել է կաթոլիկների ու ուղղափառների դեպքում, որ մեծ մասամբ դադարեցրին թշնամությունը, իսկ Հավանայում փետրվարին հանդիպումից հետո Ֆրանցիսկոս պապը և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ցույց տվեցին, որ կան ընդհանուր տեսակետներ Մերձավոր Արևելքի վերաբերյալ: Վատիկանը որոշակի աշխատանք է կատարում այդ ուղղությամբ մուսուլմանական աշխարհի հետ, շարունակելով խոսել շիական Իրանի հետ և կառուցելով նույնական հարթակ Կահիրեի Ալ Ազխար սուննիական համալսարանի հետ: Հարց է, թե որքանո՞վ է հնարավոր տարածաշրջանում բաժանել կրոնական երկխոսությունը քաղաքականից: Առայժմ նրանք ձեռք ձեռքի են տված և դժվար է ասել՝ ո՞րն է առաջնայինը, ո՞րն է հետևից գնացողը: Օրինակ, երբ իրանցի սուննի շեյխ Մահդի Սումայդաին ելույթ է ունենում քրիստոնեական-մուսուլմանական համաժողովում Թեհրանում (նոյեմբերի 6-9-ին) և պայքարի կոչ է անում տակֆիրիզմի հետ, դժվար է տարբերել՝ հարցը միայն կրոնակա՞ն է, թե՞ կապված է Իրանի ու Իրաքի համատեղ պայքարի հետ ջիհադիստների դեմ՝ շոշափելով Թեհրանի ու Սաուդյան Արաբիայի բարդ հարաբերությունները: Նույնը վերաբերում է Իրանի ու Եգիպտոսի ուրվագծվող ալյանսին: Էր Ռիադն արդեն իր դժգոհությունն է արտահայտել Ալ Ազխարի համալսարանի գիտնականների մասնակցությունից համաժողովին, որ տեղի ունեցավ օգոստոսին Չեչնիայում և որտեղ մուսուլման աստվածաբանները վահաբիտներին դուրս դրեցին սուննիական իսլամից՝ ճանաչելով «շեղում», որ տանում է դեպի ահաբեկչություն ու էքստրեմիզմ: Սաուդյան մամուլն այն ժամանակ մեղադրեց Ահմեդ ալ Թայիբին՝ Ալ Ազխարի գերագույն իմամին, որ ցանկանում է «Սաուդյան Արաբիան դուրս դնել մուսուլմանական աշխարհից»:
Իտալական AsiaNews կաթոլիկ պորտալի կարծիքով՝ Ալ Ազխար համալսարանը վարում է խաղաղ «սառը պատերազմ» Էր Ռիադի դեմ «եգիպտական իշխանությունների լռության պարագայում, որ մինչև հիմա հանդուրժել են սեփական գանձարան սաուդցիների գետերով հոսող փողերը»: Եգիպտոսցի լրագրող Համդի Սաիդ ալ Սալեմը, մեկնաբանելով վահաբիզմի տարածումը և դիմակայությունը Ալ Ազխարի հետ, պնդում է, որ խնդիրը «ոչ միայն երկու ուղղությունների կամ իսլամի երկու տարբեր դպրոցների պայքարն է, իրականում այդ բախման հետևում ցավն ու վիրավորանքն է, եթե ոչ վրեժը պարտության համար», որ վահաբիտնեը կրել են Արաբիայում եգիպտացի կառավարիչ Իբրահիմ փաշայից 1818-ին: AsiaNews-ի կարծիքով՝ Կահիրեն հեռանում է Էր Ռիադից ու «հայացքն ուղղում է Մոսկվային (ու Թեհրանին)», որովհետև Սաուդյան Արաբիան «ծանր ճգնաժամ է ապրում ու կորցնում է ազդեցությունը տարածաշրջանում»:
Դա նշանակո՞ւմ է, որ պետական քաղաքականության ստեղծած պատճառներով կամ Ալ Ազխարի սուննի աստվածաբանների՝ կրոնական «սառը պատերազմը» սեփական հիմքերն ունի իրեն այդպես պահելու, ժամանակը ցույց կտա:
Եթե աշխարհիկ դիվանագիտությունը կարող է իրեն կտրուկ շրջադարձեր ու ժամանակավոր դաշինքներ թույլ տալ, կրոնական դիվանագիտությունը այդքան ճկունություն չունի: Հարաբերությունների խզումը, առավել ևս վերականգնումը կրոնական ինստիտուտներին հեշտ չի տրվում՝ պահանջելով ոչ միայն անձնական մակարդակում գործողություններ, այլև որոշ դեպքերում փոփոխություններ ուսմունքի մեջ: Այդ իմաստով, երկխոսությունը, որ Վատիկանը վարում է Իրանի ու Եգիպտոսի հետ, որը խթանում է աստվածաբանական բանավեճը սուննի-շիա հարաբերությունների մակարդակում և հենց սուննիական աշխարհի ներսում, դժվար ու երկար կկառուցվի: Սակայն եթե գործընթացի մասնակիցները կարողանան ընդհանուր լեզու գտնել, ծայրահեղ դժվար կլինի քաղաքական մակարդակում խանգարելը:
Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ, REGNUM
Հ.Գ. Հռոմի կաթոլիկ եկեղեցին հարթակ է տրամադրում շիաներին ու սուննիներին միմյանց հանդիպելու ու հաշտության եզրեր գտնելու համար: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ունի աշխարհում խաղաղություն հաստատելու իր ծրագիրն ու առաքելությունը: Իսկ Հայ առաքելական եկեղեցին չունի՞ էկումենիկ առաքելություն, շատ ավելի մոտ չէ՞ Մերձավոր Արևելքին և շատ ավելի շահագրգիռ չէ՞ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ու կրոնական հաշտեցումով: Կասեք՝ Հայ առաքելական եկեղեցին չունի այդ ներգործությունն ու հեղինակությունը աշխարհում, բայց հեղինակությունը ինքն իրեն չի գալիս, գործերով են վաստակում: Գուցե ժամանակն է մտածել, որ Հայաստանն աշխարհում ցեղասպանության ճանաչումից ու Ղարաբաղի հարցի լուծումից բացի ունի նաև քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրի պարտավորություն ու առաքելություն, որ այն, ինչ չի ստացվում մեծերի դեպքում, որ շահերի մեծ բախման առանցքում են, կարող են անել փոքրերը, որ ավելի ճկուն գործելու հնարավորություն ունեն: Թեպետ Աստծո առաջ հավասար են բոլորը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ